Բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվել է տղամարդը, ով փորձել էր հեծանիվով վրաերթի ենթարկել պատգամավորին
15.05.2020,
14:14
Հեծանիվը վարել է պատգամավորի վրա և սպառնալիքներ հնչեցրել. տղամարդը կալանավորվել է պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: Այս մասին հայտնում է ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,- նշվում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-