Բախվել են շտապօգնության մեքենան և «ԳԱԶ 24»–ը. կա զոհ և վիրավորներ (ՖՈՏՈ)

08.02.2019, 11:27
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Բախվել են շտապօգնության մեքենան և «ԳԱԶ 24»–ը. կա զոհ և վիրավորներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 8–ի ժամը 00։31–ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին Դիմիտրով գյուղի կամրջի վրա վթար է տեղի ունեցել։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոճանապարհի 23–րդ կիլոմետրում բախվել են «ԳԱԶ 24» և Toyota Hiace (վարորդը ծնված 1965 թ.) մեքենաները, ինչի հետևանքով Toyota–ն մխրճվել է մետաղյա փակոցի մեջ։

ՃՏՊ–ի հետևանքով «Վոլգայի» վարորդը տեղում մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ուղևոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը և շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

 - рис.1

Աղբյուրի հաղորդմամբ, շտապ օգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում:

 - рис.2

Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ Պողոսյանը որպես ավագ բուժքույր:

Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ -0-