Երևանում նռնակով զինված անձը փոխանակման կետից հափշտակել է մոտ 10 հազար դոլար. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

13.06.2022, 16:09
Ինչպես է նռնակով զինված անձը փոխանակման կետից հափշտակում ավելի քան 4մլն դրամ. ՎԻԴԵՈ
Երևանում նռնակով զինված անձը փոխանակման կետից հափշտակել է մոտ 10 հազար դոլար. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տարաղրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Առևտրի կենտրոնում գործող տարաղրամի փոխանակման կետից ավազակությամբ գումար հափշտակելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 23:26-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը և աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա, նախնական տվյալներով, 4.400.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագոևրծություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-



Տեսանյութը՝ shamshyan.com-ի