Երևանում կինը կողոպտիչից պաշտպանվել է ախտահանիչ նյութով և աթոռով

15.07.2020, 19:20
Երևանում տղամարդը, դանակի սպառնալիքով, գումար է պահանջել խանութի աշխատակցուհուց․ կինը պաշտպանվել է ախտահանիչ նյութով և աթոռով
Երևանում կինը կողոպտիչից պաշտպանվել է ախտահանիչ նյութով և աթոռով

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող ծխախոտի մանրամեծածախ վաճառքի սրահ և որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել  գումար: Խանութի աշխատակցուհին դիմադրել և սրահում առկա ախտահանիչ նյութը ցանել է տղամարդու դեմքին, այնուհետև աթոռով հրելով նրան դուրս է հանել խանութից, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչակա կոմիտեի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով: Աշխատակցուհին տուժող  է ճանաչվել և հարցաքննվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, զննության է ենթարկվել խանութի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, կատարվել է դեպքի վայրի զննություն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-