Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի (ՎԻԴԵՈ)
22:10
24 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի լույս 22-ի գիշերը, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկում հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Քրեական հետախույզները պարզել են, որ տան բնակիչներն արտերկրում են, իսկ բանալին բարեկամի մոտ է։ Նրանք կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ և վերցրել բանալին։ Իրավապահները տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հենց բնակարանում 47-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր ճաղավանդակն ու ներս մտել։
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-