Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)

31.05.2023, 11:39
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է մայիսի 29–ին տեղի ունեցած դաժան սպանության կադրերը։

Ինչպես հայտնի է, մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 26-ամյա մի հայ երիտասարդ: Նա հայտնել է, որ 10 րոպե առաջ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ «Մակարով» տիպի ատրճանակից 7 անգամ կրակել ու սպանել է Դավիթ Թամարյանին:

«Երիտասարդը շատ լավ գիտեր և՛ հասցեն, և՛ սպանվածի անուն-ազգանունը:

Նույն ժամին հաղորդում ստացվեց նաև շտապօգնությունից. բժիշկները հաստատեցին, որ հայտնաբերել են տղամարդու դիակ` հրազենային վնասվածքներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տեղ հասան նաև Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի ոստիկանության և քննչական բաժինների ղեկավարներ: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ:

Պարզվեց, որ կատարվածն, ըստ նախնական տեղեկության, արյան վրեժ է՝ վենդետա: Սպանվածի հայրը Վրաստանի Հանրապետությունում սպանել էր 26-ամյա երիտասարդի եղբորը:

Այլ գործողություններին զուգահեռ` նաև հայտնաբերվեցին ու առգրավվեցին տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունները:

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է, հանցագործության գործիք ատրճանակը` առգրավվել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում ու ճշտվում են: Ձեռնարկվում են նաև կանխարգելիչ միջոցառումներ:–0–