Երևանում 3 տղամարդ գողացել են մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ պլաստմասսե աղբամաններ (ՎԻԴԵՈ)
19:59
15 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Նշվում է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ։
«Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։-0-