Երևանում 29–ամյա աղջիկը տարբեր տեսակի թմրանյութեր էր ձեռք բերում և իրացնում (ՎԻԴԵՈ)

22.11.2021, 16:09
Երևանում 29–ամյա աղջիկը տարբեր տեսակի թմրանյութեր էր ձեռք բերում և իրացնում.ՎԻԴԵՈ
Երևանում 29–ամյա աղջիկը տարբեր տեսակի թմրանյութեր էր ձեռք բերում և իրացնում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջիկ տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերում և իրացնում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 10-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին 29-ամյա աղջկան, որը մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում էր։ Նրանք բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին։ Վարորդը մեքենայի սրահից ներկայացրեց մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչը, ըստ նրա՝ 29-ամյա ուղևորուհունն էր։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ 29-ամյա աղջիկը թմրամիջոցը ձեռք էր բերել Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդուց։ Նրան հայտնաբերելու միջոցառումները արդյունք տվեցին նոյեմբերի 13-ին։ Տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Եղվարդի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Իրավապահները խուզարկեցին նրա «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։–0–