Երևանի կենտրոնում բազմամարդ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորն անչափահաս է (ՎԻԴԵՈ)
18:20
09 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 7-ի ցերեկը, ժամը 2․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվում է հաղորդում: Ահազանգել էին, որ Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է` բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր, տեղյակ պահվեցին նաև տարածքում ծառայող պարեկները:
Մինչ ոստիկանների ժամանելը վիճաբանությունն ավարտվել էր, և, ինչպես շուտով պարզվեց, դանակահարությամբ:
«Դեպքի վայր հասած պարեկները նկատել էին վիճաբանողներից մի քանիսին, որոնցից երկուսը փախել էին: Հետապնդումը կարճ էր տևել. Կորյունի փողոցում պարեկները նրանց բռնել էին և բերման ենթարկել Կենտրոնական բաժին: Մինչ այդ արդեն պարզվել էր, որ փախչող 17-ամյա երիտասարդներից մեկը դանակով խփել էր 18-ը չբոլորած մի տղայի: Այդ մասին տեղեկություն ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից, որտեղ տուժածը տեղափոխվել էր: Հայտնեցին, որ ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած վերք»: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր հաղորդում և բացատրություն տալու», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կենտրոնական բաժնում պարզվեց՝ թե ով է դանակահարողը: Հայտնաբերվեց ու առգրավվեց նաև դանակը: Վիճաբանության պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են:-0-