Երևանի երկու զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել թթվասերից և կաթնաշոռից. կարգավորիչը նշել է արտադրողի անունը

16.06.2021, 12:01
Երեխաները հոսպիտալացվել են, նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից
Երևանի երկու զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել թթվասերից և կաթնաշոռից. կարգավորիչը նշել է արտադրողի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Загружается новость ... "Лево"

Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:

ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում:

Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:

«ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:–0–