Ոստիկանությունն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում

01.09.2022, 13:04
Ոստիկանությունն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում
Ոստիկանությունն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

Լրագրողների հետ զրույցում Արա Ֆիդանյանն ասել է, որ Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առիթով իրականացվում է մասնակիցների նույնականացում, հաղորդում է «Արմենպրեսը»:

Ֆիդանյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք», – ասել է Ֆիդանյանը:

Նա վստահեցրել է, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները, նա ասել է, որ հիմա նույնականացնում են:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Նշվում էր, որ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն բնակիչները խոչընդոտել են:–0–