Ողբերգական ավտովթար Երևանում` ուղևորատար երթուղայինի մասնակցությամբ. վարորդը մահացել է, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ԳԱԶԵԼ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվելտան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդն ու 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է:
Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:–0–