Վեց մարդ դիմել է բուժօգնության Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։