Տավուշում ուղևորատար ավտոբուս է վթարվել, կան բազմաթիվ տուժածներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկության 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ` Վ.Հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Լ.Ե.-ը (ծնված 1989 թ.), Ա.Մ.-ը (ծնված 1994 թ.), Գ.Ս.-ը (ծնված 1957 թ.), Ս.Ա.-ը (ծնված 1997 թ.), Մ.Բ.-ը (ծնված 1961 թ.), Ա.Գ.-ը (ծնված 1981 թ.), Լ.Գ.-ը (ծնված 1967 թ.), Հ.Ե.-ը (ծնված 1971 թ.), Ս.Հ.-ը (ծնվծ 1989 թ.), Հ.Հ.-ը (ծնված 1960 թ.) և Գ.Ա.-ը (ծնված 1957 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և դուրս են բերել երթեկելի հատված:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ավտոբուսում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր հերթին հայտնել է, որ վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն։–0–