Սկանդալ Մալայանի աչքի կլինիկայում. ԱՆ–ն հերքում է հիվանդների կուրության փաստը, իրավիճակը մեկնաբանում է նաև «Նատալի Ֆարմը»

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, հիվանդները կուրացել են ներակնային սրսկման հետևանքով։ Միաժամանակ Առողջապահության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները, իսկ դեղամիջոցի մատակարար ընկերությունը` «Նատալի Ֆարմը», նշում է, որ դեղամիջոցը սխալ է օգտագործվել։
Ի՞նչ է պատահել
«Հրապարակ» օրաթերթն այսօր հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։
Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
Նույն օրը ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հաստատել է հետսրսկումային ինֆեկցիայի և կատարված վիրահատությունների փաստը։
«Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։ Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը», – նշել է Նիկողոսյանը։
Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
«Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ», – նշել է Նիկողոսյանը։
«Նատալի Ֆարմը» տարակուսանքի մեջ է
Մեկնաբանությամբ է հանդես եկել նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որտեղից ձեռք է բերվել ներարկման դեղորայքը։
«Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։ Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։ Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել», – նշել են ընկերությունից։
«Նատալի Ֆարմից» նաև հայտնում են, որ նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։
«Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։բՑավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – նշված է ընկերության հայտարարության մեջ։–0–