Սարսափելի դեպք Երևանում. մեքենան բախվել է գազատարին, հրդեհ է բռնկվել, մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, հրշեջներից մեկը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
20:07
13 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։-0-