Սարսափելի դեպք Արմավիրում. 23-ամյա երիտասարդը վեճի ժամանակ ձգել է 59–ամյա կնոջ պարանոցից կախված թելը, և երբ զգացել է, որ չի շնչում, հեռացել է

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ:
Պարզվել է 59-ամյա կնոջ մահվան իրական պատճառը. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:
Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը:
Հաշվի առնելով, որ առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան:
«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը, տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, այնուհետև պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Երիտասարդը ձերբակալվել է՝ 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով, և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, և մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–