ՊԵԿ աշխատակիցը կաշառք է վերցրել աջ ղեկով մեքենաներ ՀՀ տարածք ներմուծելու թույլտվության համար

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն:
Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հեղինակությունն ու համբավը, տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,(Կաշառք ստանալը) ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (Կաշառք տալը) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց և քաղաքացիների ինքնությունները պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-