Ներխուժել են մահակներով, դաժան ծեծել ու դանակահարել. «Իմ քայլը» մանրամասնում է խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակահարելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակահարելու կապակցությամբ։
«Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ», – նշվում է խմբակցության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–յան էջում։
Խմբակցությունից նշում են , որ նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չենք ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարենք նախաքննության ընթացքին։
««Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ», – նշվում է հայտարարության մեջ։–0–