Մոտ 10մլն դրամ. «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից խոշոր գումար է յուրացվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1 միլիոն 960 հազար դրամից ավելի գումար։
Բացի այդ, 2012-ից 2016 թվականների ընթացքում հիմնադրամի միջոցներով ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմի մասնակցությամբ տարբեր ռեստորանային համալիրներում կազմակերպված խնջույքները, ինչի հետևանքով հիմնադրամին պատճառվել է 8․970․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնադրամի տնօրենը վերականգնել է հիմնադրամին պատճառված 10 միլիոն 930 հազար դրամից ավելի վնասը։–0–