Կոտայքի տներից մեկում պայթյուն է որոտացել (ՎԻԴԵՈ)

16.11.2021, 09:26
Կոտայքի տներից մեկում պայթյուն է որոտացել.ՎԻԴԵՈ
Կոտայքի տներից մեկում պայթյուն է որոտացել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

«Նախնական տվյալներով՝ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, դեռևս չպարզված տեսակի պայթուցիկ սարք է նետել Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի է ունեցել պայթյուն, ինչի վերաբերյալ նույն օրը` ժամը 07:20-ին, հիշյալ բնակչի կողմից ստացվել է համապատասխան հաղորդում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առանձնատան բակում կայանված «Տոյոտա Լենդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև առանձնատան խոհանոցի պատուհանի ապակիներին հայտնաբերվել են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ գետնին՝ պայթուցիկ սարքի բեկորներ և պայթուցիչի լծակ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–