Խոշոր հրդեհ Երևանի շենքերից մեկում. տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում կա երեխա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 14-ին, ժամը 00։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/1 շենքի 1-ին մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
«Փրկարարները Դ․ Գ․-ին (ծնված 2001 թ․), Ս․ Գ․-ին (ծնված 2009 թ.) և Դ․-ին (ծնված 1979 թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացիներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն և հոգեբանական աջակցություն: Այնուհետև Դ. Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (15 քմ): Փրկարարները տարհանել են մոտ 50 բնակչի:–0–