Կացնով քաղաքացու վրա հարձակված 38–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել.հրապարակվել են միջադեպի մանրամասները (ՎԻԴԵՈ)

30.08.2021, 13:23
Գյումրիում կացնով քաղաքացու վրա հարձակված 38–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել.հրապարակվել են միջադեպի մանրամասները.ՎԻԴԵՈ
Կացնով քաղաքացու վրա հարձակված 38–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել.հրապարակվել են միջադեպի մանրամասները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով, միջամտել են նաև վերջինիս ընկերները,  ինչից հետո 38-ամյա տղամարդը նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–