Իրկուտսկի մոտ ուղևորատար օդանավ է վթարվել, կան զոհեր. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին «Աերոսերվիս» ավիաընկերության L-410 ուղևորատար ինքնաթիռը օդ է բարձրացել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի օդանավակայանից և ուղղություն է վերցրել դեպի Կազաչինսկոյո գյուղի օդանավակայան։
Ինչպես հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն, օդանավում եղել է 14 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։ Ժամանման վայրից 4 կիլոմետր հեռավորության վրա ուժեղ մառախուղի պայմաններում օդանավը կատարել է արտակարգ վայրէջք դժվար հասանելի տեղանքում։ Պատահարի հետևանքով զոհվել է օդանավի օդաչուն և երեք ուղևոր, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հատկանիշներով։
Գործը փոխանցվել է Գլխավոր քննչական վարչություն։
Դեպքի վայրում հայտնաբերվել է օդանավի սև արկղը, առաջիկայում մասնագետները կսկսեն դրա վերծանման աշխատանքները։
Որպես հիմնական վարկած դիտարկվում է վայրէջքի ժամանակ մանևրելիս սխալ պիլոտավորումն ու տեխնիկայի անսարքությունը։–0–