Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգ թմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար (ՎԻԴԵՈ)

23.11.2023, 11:01
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգթմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար․ ՎԻԴԵՈ
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգ թմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

Զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:

Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Պարզվել է, որ նշված պայուսակը Հայաստանի Հանրապետությունում պետք է ստանա Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացի Լ. Լ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո, ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն: Վերջինս, իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Զննության արդյունքում պարզվել է, որ նշված պայուսակների նույնպես լցված են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:

Այնուհետև թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ձերբակալվել է վարչություն ինքնակամ ներկայացած Չինաստանի քաղաքացին, որտեղից էլ վերջինս տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հիշյալ դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–