Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է

23.01.2023, 10:49
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 22-ին, ժամը 20:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1971 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները։–0–