Հայկական բանկերից մեկի կառավարիչը 3 տարի շարունակ բանկից հափշտակել է ընդհանուր 618 000 դոլար (ՎԻԴԵՈ)

22.12.2021, 14:27
Հայկական բանկերից մեկի կառավարիչը 3 տարի շարունակ բանկից հափշտակել է 618 000 դոլար. ՎԻԴԵՈ
Հայկական բանկերից մեկի կառավարիչը 3 տարի շարունակ բանկից հափշտակել է ընդհանուր 618 000 դոլար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը:

«Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու և օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել և հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից և պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ կետով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանք է դրվել կառավարչի գույքի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-