Գյումրիում հայտնաբերվել են 35–ամյա զինծառայողի և նրա հղի կնոջ դիերը, հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով

09.08.2021, 11:06
Սարսափելի դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 35–ամյա զինծառայողի և նրա հղի կնոջ դիերը
Գյումրիում հայտնաբերվել են 35–ամյա զինծառայողի և նրա հղի կնոջ դիերը, հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ 

2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով և վնասվածքներով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սպանւթյուն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-