ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։
Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։ «099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վ. Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ա. Իսկոյանը, մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում