Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր

27.03.2023, 13:15
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է։ Ժամը 00։05-ի սահմաններում նա տանը կորցրել է ինքնագիտակցությունն ու հանկարծամահ եղել։

Բժիշկներն արձանագրել են տղամարդու կենսաբանական մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում` որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում։ Նա մեկ օր առաջ նշանադրվել էր։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–