Գավառում ոսկյա զարդերի խանութից 12մլն դրամի զարդ են գողացել

14.01.2025, 17:50
Ոսկյա զարդերի խանութի սեփականատերը մի քանի զարդ գտել է խանութի մոտակայքում
Գավառում ոսկյա զարդերի խանութից 12մլն դրամի զարդ են գողացել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի մոտակայքում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել է, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում: 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գավառի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: