Գավառի մանկատանը սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել, տուժածը 15–ամյա աղջնակ է. ԶԼՄ

22.05.2023, 11:18
Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ
Գավառի մանկատանը սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել, տուժածը 15–ամյա աղջնակ է. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։

Ոստիկանները մայիսի 19-ին հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի հետ։

Դեպքի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–