Եվս 15 քաղաքացի է հոսպիտալացվել թունավորման ախտանիշերով. նրանք ևս սնվել են պիցցերիաների հայտնի ցանցի կետերում

05.11.2021, 19:04
Եվս 15 քաղաքացի է հոսպիտալացվել թունավորման ախտանիշերով. նրանք ևս սնվել են պիցցերիաների հայտնի ցանցի կետերում
Եվս 15 քաղաքացի է հոսպիտալացվել թունավորման ախտանիշերով. նրանք ևս սնվել են պիցցերիաների հայտնի ցանցի կետերում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում: Ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է կենսանմուշի, սննդամթերքի և խմելու ջրի նմուշառում: Ներկա պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: 

ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Երևանում 15 մարդ է թունավորվել, այդ թվում` 2 երեխա։ Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։–0–