ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի
տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։
Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր սպանվածի հարազատներն ու հարևաններն էին, հրաժարվելով ֆոտոխցիկի առջև խոսել, ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտել է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսել հարվածներ հասցնել իր զոհին: Հարսը աթոռով փորձել է պաշտպանվել, սակայն նա հրել է հարսին ու նորից սկսել անկանոն դանակի հարվածներ հասցնել: Շտապօգնությունը շուտ եկավ ու վիրավորին տեղափոխեց, բայց նա հաստատ արդեն մահացել էր»:–0–