Դաժան սպանության հետքերով. մանրամասներ 59-ամյա կնոջ մահվան հանգամանքներից (ՎԻԴԵՈ)

18.08.2021, 13:26
Դաժան սպանության հետքերով. մանրամասներ 59-ամյա կնոջ մահվան հանգամանքներից.ՎԻԴԵՈ
Դաժան սպանության հետքերով. մանրամասներ 59-ամյա կնոջ մահվան հանգամանքներից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Դիահերձարան մեկնած իրավապահները պարանոցի շրջանում հայտնաբերել են շագանակագույն քերծվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել է, որ 59-ամյա կնոջը խեղդել էին:

Կինը միայնակ բնակվում էր Արմավիրի Մյասնիկյան փողոցում: Հարևաններն էին տանը անգիտակից վիճակում հայտնաբերել և շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասցրել: Տանից ոչինչ չէին տարել: Կատարվածը նման չէր ավազակային հարձակման:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել են ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը:

Հիմնավորվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 59-ամյա կնոջը բռունցքով խփել, ապա պարանոցից կախված բանալու թելով խեղդել էր նրա ծանոթը` Արմավիրի Չարենցի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահների աշխատանքի արդյունքում օգոստոսի 16-ին երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:-0-