Աշտարակում 19–ամյա երիտասարդ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա կրծքավանդակի և որովայնի հատվածներում կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանությունը որոնում է Օշական գյուղի բնակիչներ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին, ովքեր հարազատ եղբայրներ են: Պարզվել է նաև, որ մինչ այդ Աշտարակ քաղաքի Արհեստագործական ուսումնարանի մուտքի դուռը բաց թողնելոու համար է վիճաբանությունը առաջացել, ինչն էլ հետո շարունակվել է արդեն Միկոյան եղբայրներ փողոցում: –0–