Արտակարգ պատահար Էջմիածնում. տներից մեկում նռնակ է պայթեցվել, կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենա/. Նախօրեին՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի:
Օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տնից 1 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն է, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է:
Ստեղծվել է քննչական խումբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:–0–