Արտակարգ դեպք Երևանի ռեստորաններից մեկում. ծննդյան արարողության ժամանակ երիտասարդ է դանակահարվել

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Shamshyan.com–ի հաղորդմամբ, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Ժամը 23:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրներից մեկից:
Կայքի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիճաբանության մասնակիցների ամբողջական ցանկը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դանակահարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:–0–