27-ամյա ուրցաձորցին Երևանում գողացել է տնակ ու 10 տոննա տարողությամբ բաք

18.01.2024, 11:17
Միայնակ գողացել է տնակ և 10 տոննա տարողությամբ բաք
27-ամյա ուրցաձորցին Երևանում գողացել է տնակ ու 10 տոննա տարողությամբ բաք
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 9-ին, ժամը 23.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի չգործող գործարանի տարածքից գողացել են տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 27-ամյա բնակիչը Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Գողոնը հայտնաբերվել է:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ նշված վայրից նախկինում գողացել է մետաղի ջարդոն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–