Գողություն Հրազդան կիրճի ռեստորաններից մեկում. կասկածյալը դեպքի վայրում մնացել է քնած

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 28–ին գողության դեպք է գրանցվել Հրազդան կիրճում գտնվող «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ իր տարածքում հայտնաբերել է իրեն անծանոթ մի մարդու, որը պառկած է գետնին և ինքը չգիտի՝ նա քնած է, թե մահացած։
Ոստիկանները պարզել են, որ հունվարի 25-ին ժամը 18։00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորյալ կոտրել են ռեստորանային համալիրի դռան ապակին, այնուհետև կոտրել պահեստի դուռը, որտեղից գողացել են փայտյա ջահ, 5 հատ կոնյակ, օղի և 3 լիտր տարողությամբ 10-ից ավելի կոմպոտներ։
Ոստիկանները Մ. Ս.-ի մատնանշված տարածքում հայտնաբերել են Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի բնակիչ 40-ամյա Ա. Ս.-ին, ով «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ որշ ժամանակ անց գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
Կայքի հաղորդմամբ, ոստիկանները կասկածում են, որ նա գողությունը կատարել է ու հետո այնտեղից գողացված խմիչքի մի մասը խմել, գինովցել ու մնացել է դեպքի վայրում քնած։ Այս վարկածը ճշտվում է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։–0–