Երևանի վերելակներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել անչափահասի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվելէ քրեական գործ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին ժամը 20:30-ի սահմաններում ենթադրյալ հանցագործությունկատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ.ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI P9» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն), անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, իսկ վերջինիս հայրը՝ որդու օրինական ներկայացուցիչ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ և տուժողի հայտնած տվյալների հիման վրա կազմել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտավոր դիմանկարը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–