Խարբերդում 1,5 տարեկան երեխա է մահացել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Խարբերդում հուլիսի 6–ին 1,5 տարեկան երեխա է մահացել։
Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Քանի որ այս փաստով հարուցվել է քրեական գործ, մենք չենք կարող տրամադրել հավելյալ տեղեկություն», – նշեց նա։
Armtimes-ի հաղորդմամբ, 1,5 տարեկան Լենայի ծնողները պնդում են, որ երեխան մահացել է պատվաստման հետևանքով, որը ստացել է մահից մի քանի օր առաջ։
Երեխայի մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, նշել է, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել:
«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապ օգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի», – նշել է փոքրիկի մայրը։
Նրա խոսքով, շտապօգնության ծառայությունում կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամանակ առաջ է երեխան պատվաստվել:
«Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առավոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապ օգնություն, մինչև եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասել է մայրը:
Թեհմինեի փոխանցմամբ, տարածքային բժիշկը չի կարծում, որ իր աղջկա` Լենայի մահվան պատճառ դարձել է պատվաստանյութը։
Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:
Ինչպես armtimes–ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատվաստման հետևանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում:
«Պատվաստումից հետո անաֆիլակտիկ ռեակցիան, որը կարող է հանգեցնել մահվան, հնարավոր է առաջին 40 րոպեի ընթացքում, բայց ոչ երկրորդ կամ երրորդ օրը»,- նշել է Սահակյանն ու ավելացրել, որ երեխայի մոտ նկարագրված ջերմությունը նույնպես ժամանակային առումով չի համապատասխանում պատվաստման հնարավոր բարդություններին։
Նրա խոսքով, երեխան պատվաստվել է ԿԿԽ-ի դեմ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ):–0–