ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ (շուրջ 78,1 հազար դոլար), հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը:
Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով, թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր դեպքով մաքսանենգության թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին:
Գերմանիայից Հայաստան ուղարկված, առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խաղալիքների և հագուստի պարունակությամբ առաքանում թմրանյութ է թաքցված: Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ:
Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:
Բացի այդ, կանխվել է խոշոր խմբաքանակով թմրանյութի անօրինական տեղափոխման ևս մեկ փորձ ու կրկին փոստային առաքանիների միջոցով:
«Հայաստանից Կանադա արտահանվող 5.58 կգ ընդհանուր քաշով ծանրոցի զննման արդյունքում պարզվել է, որ առկա 5,54 կգ քաշով ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով»,-նշել է Տիգրան Սինոյանը:
Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է: Ծանրոցն ուղարկողը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը, հայտնաբերվել և նույն օրը ձերբակալվել է:
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում այլ դեպքերով ևս հատուկ հարմարեցված տարբեր տեսակի թաքստոցներից հայտնաբերվել են ափիոն, հաշիշ, մեթադոն և տրամադոլ տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:
Վարչության աշխատակիցները մի շարք բացահայտումներով առգրավվել են 207 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ և պլանշետներ, որոնցից 111-ը հայտնաբերել են Բագրատաշենի մաքսակետում` Վրաստանից ժամանած «Mercedes-Benz» ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված գաղտնարանից: Ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ հայտնաբերված ապրանքները թաքցրել է մաքսային ձևակերպումներից խուսափելու համար:
Բացի այդ, փորձ է արվել ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ և սննդամթերք: 5 դեպքով էլ կանխվել է դիզելային վառելիքի անօրինական ներկրման փորձ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում