Դաժան դեպք Տավուշի մարզում. 32-ամյա բնակիչը որսորդական դանակով սպանել է 23-ամյա երիտասարդին ու այրել դիակը (ՎԻԴԵՈ)

24.08.2022, 19:41
32-ամյա բնակիչը որսորդական դանակով սպանել է 23-ամյա երիտասարդին ու այրել դիակը. ՎԻԴԵՈ
Դաժան դեպք Տավուշի մարզում. 32-ամյա բնակիչը որսորդական դանակով սպանել է 23-ամյա երիտասարդին ու այրել դիակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը բերվեց ոստիկանության Իջևանի բաժին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ որսորդական դանակով հարվածներ է հասցրել և սպանել 23-ամյա երիտասարդին, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով այրել է դիակը», - նշվում է հաղորդագրության մեջ:

32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն:-0-