Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին

16.06.2019, 21:15
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում:
Վավերագրական ֆիլմ է նկարահանվում մեծ մեկենաս և գործարար Լևոն Հայրապետյանի մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. HAYASA մշակութալուսավորչական կենտրոնը սկսում է արցախցի ռուսաստանաբնակ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները: Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է 2017 թվականին Մորդովիայի բանտում:

«Հարգելի ընկերներ, ուզում եմ մի կարևոր նորությամբ կիսվել ձեզ հետ: Երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո մեր HAYASA կենտրոնը սկսել է վավերագրական մեծ ֆիլմի նկարահանումները մի արժանի մարդու, Հայաստանի և Ռուսաստանի մեծ հայրենասեր, ազգային բարերար մարդու մասին, ում անունն է Լևոն Հայրապետյան»,- գրել է HAYASA-ի գլխավոր տնօրեն Տիգրան Մանասյանն իր Facebook-ում:



Ռուսաստանահայ խոշոր գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը խարդախության մեղադրանքով պատժաժամկետ էր կրում Մորդովիայի բանտում: Պաշտոնական վարկածով, նա մահացել է 2017 թվականի հոկտեմբերին սրտի անբավարարությունից, սակայն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ նրան թունավորել են:

Հանելուկային մահ

2018 թվականի հոտկեմբերին «Կոմերսանտ»-ը հոդված էր հրապարակել, որի համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի նրա մահվան հանգամանքները: Պարբերականը նշում է, որ Հայրապետյանը տառապել է մի շարք խրոնիկ հիվանդություններից, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունից: Նրա իրավաբանները փորձում էին դատարանի միջոցով հասնել նրա ազատմանը գաղութից, քանի որ ուռուցքային հիվանդությունը ներառված է ՌԴ կառավարության կողմից հաստատված այն հիվանդությունների ցուցակում, որոնք անհամատեղելի են բանտային ռեժիմի հետ:

Փաստաբան Կարեն Ներսեսյանի խոսքով, դատական նիստից մեկ օր առաջ Լևոն Հայրապետյանի ծանոթները գաղութի աշխատակիցների միջոցով նրան դեղեր են փոխանցել:

«Ընդունելով դրանք հոկտեմբերի 17-ին` պարոն Հայրապետյանը շուտով մահացել է գաղութի սանիտարական կետում: Բժիշկները փաստել են սրտի անբավարարությունից վրա հասած մահ»,- գրում է պարբերականը, նշելով, որ հարազատներին այս ախտորոշումը չի բավարարել:

Հայրապետյանի բարեգործությունները

Լևոն Հայրապետյանը հետխորհրդային տարածքի հայ խոշորագույն մարդասերներից մեկն էր, աշխարհասփյուռ ամենահարուստ մարդկանց տասնյակում էր: «Լևոն Հայրապետյան» նրա հիմնադրամն աջակցություն էր ցուցաբերում երիտասարդ ընտանիքներին` խոշոր գումարներ վճարելով բազմազավակ ընտանիքներին:

Նրա միջոցներով են իրագործվել նախագծեր Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում (ենթակառուցվածքի նորոգում, գործարանի, ռազմական ուսումնարանի, հյուրանոցի, Խաչենի ջրամբարի կառուցում), վերանորոգվել և նոր շունչ ստացել հայտնի Գանձազար վանքը:

2008 թվականին նա դարձել է «Արցախյան մեծ հարսանիք» պսակադրության աննախադեպ արարողության նախաձեռնող և հովանավոր` հանդիսությանը մասակցել է նորապսակների 700 զույգ:

2008 թվականին Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` ԼՂՀ տնտեսությունում ունեցած անգնահատելի ավանդի համար: -0-