«Օկեան Էլզի»–ի մեներգիչ. Լվովի իմ ամենասիրած փողոցը Հայկականն է

01.06.2016, 18:07
«Օկեան Էլզի» խմբի առաջնորդ և մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկը խոստովանեց լրագրողներին, որ իրեն շատ բան է կապում Հայաստանի հետ։
«Օկեան Էլզի»–ի մեներգիչ. Լվովի իմ ամենասիրած փողոցը Հայկականն է
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Օկեան Էլզի» խմբի առաջնորդ և մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկը խոստովանեց լրագրողներին, որ իրեն շատ բան է կապում Հայաստանի և հայկականության հետ, իսկ Լվովի իր ամենասիրած փողոցը Հայկական փողոցն է։

 - рис.1

«Օկեան Էլզի» ուկրաինական ռոք խումբը հունիսի 1–ին համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Բարև ձեզ։ Ցավոք, սա միակ խոսքն է, որ կարող եմ ասել հայերեն։ Ուզում եմ ասել, որ ուրախ եմ Հայաստանում գտնվելու առիթով և անհամբերությամբ սպասում եմ համերգին»,– ասաց Վակարչուկը։

Վակարչուկը և Հայաստանը

 - рис.2

«Լավ գիտեմ «Դլե յաման» երգը, դրա պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը։ Լսել եմ այն Ջիվան Գասպարյանի կատարմամբ, ում հետ կցանկանայի գործակցել։ Բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, նրանց թվում չեմ կարող չնշել հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանին։ Նա հատուկ ինձ համար նշել է այն վայրերի ցուցակը, ուր պետք է այցելեմ Հայաստանում»,– ասաց Վակարչուկը։

Նա խոստովանեց, որ անպայման ցանկանում է Էջմիածին այցելել, լինել հայկական հնագույն այլ եկեղեցիներում։

Վակարչուկը սահմանադրական հայրենասիրության ջատագով է

«21–րդ դարում դժվար է մարդկանց միավորել ծննդյան վայրով, քանի որ մարդիկ այժմ շատ են տեղափոխվում։ Դա կոչվում է ազգային հայրենասիրություն։ Ես կողմ եմ սահմանադրական հայրենասիրությանը, որի հիմնական սկզբունքը սերն է առ այն երկիր, որտեղ ապրելու են դու և քո երեխաները», – ասաց Վակարչուկն իր քաղաքացիական դիրքորոշման մասին։

 - рис.3

Նրա կարծիքով, հենց այս համոզմունքներից ելնելով էլ մարդիկ հետո զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց երկիրը:

Ռոք ուկրաինական շեշտադրմամբ

«Երաժշտությունն ունիվերսալ է, լեզուն` երկրորդական։ Երգում եմ ուկրաիներեն, որովհետև ինձ այդպես ավելի դյուրին է արտահայտել զգացումներս, ես զգում և մտածում եմ ուկրաիներեն։ Բացի այդ, իմ երաժշտությամբ այդքան էլ չեմ հեռանում ուկրաինական արմատներից»,– ասաց Վակարչուկը։

 - рис.4

Նա պատմեց, որ «Բեզ մեժ» («Առանց սահմանների») վերջին ալբոմի ստեղծմանն իրեն ոգեշնչել է սերը, ինչպես նաև ասաց, որ ծրագրում է ռոք օպերայի երաժշտություն գրել, պարզապես ժամանակ չունի։

«Okean Elzy»–ն (ուկրաինական անվանումը` «Океан Ельзи») ուկրաինական ռոք խումբ է, որը տարբեր ժանրերում է հանդես գալիս։ Խումբը ստեղծվել է 1994 թվականի հոկտեմբերի 12–ին Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։ -0-