ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/. «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագրով համերգ տեղի կունենա Երևանում։
Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կներկայացնի «Նուբար» խումբը։
«Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:
Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ:
«Նուբար» հայ ավնադական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։ «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը: «Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։
«Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի կողմից կազմակերպված համերգի գլխավոր աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Համերգը տեղի կունենա ապրիլի 16-ին ժամը 19։00–ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում