Մոսկվայի դուդուկի 3–րդ միջազգային փառատոնը կանցկացվի ՌԴ մայրաքաղաքում

29.08.2016, 20:05
Մոսկվայի դուդուկի երրորդ միջազգային փառատոնը կանցկացվի ՌԴ մայրաքաղաքում սեպտեմբերի 25–ին:
Մոսկվայի դուդուկի 3–րդ միջազգային փառատոնը կանցկացվի ՌԴ մայրաքաղաքում
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի դուդուկի երրորդ միջազգային փառատոնը, որը կանցկացվի ՌԴ մայրաքաղաքում սեպտեմբերի 25–ին, կմիավորի դուդուկի բոլոր վարպետներին մի բեմում, հայտնում է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի մամուլի ծառայությունը։

Կազմակերպիչը DUDUKIST նախագիծն է` Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի (КАМР) օժանդակությամբ։

«Ամեն տարի Մոսկվայում են հավաքվում Ռուսաստանի տարբեր քաղաքների հանդիսատեսներ, որ տեսնեն իրենց սիրած երաժիշտներին և լսեն նրանց վիրտուոզ նվագը։ DUDUKIST նախագիծը կոտրում է այն կարծրատիպը, թե դուդուկը թախծոտ գործիք է։ Դուդուկը բազմաշերտ, իր բազմադարյան պատմությամբ հարուստ գործիք է, որը կարող է լավատեսորեն հնչել և քայլել ժամանակին համընթաց` չմոռանալով անցյալի մասին։ 2005 թվականին հայկական դուդուկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության գլուխգործոց»,– նշվում է հաղորդման մեջ։

Դուդուկի երրորդ ամենամյա փառատոնի մասնակիցների թվում են` Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դուդուկի տարբեր տեսակների հետազոտող և պատրաստող Գեորգի Մինասովը և նրա լեգենդար «Դուդուկներ» համույթը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանը, Կոմիտասի ստեղծագործությունների լավագույն կատարող և Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթի դափնեկիր Գեորգի Մինասյանը, մուլտիինստրումենտալիստ Վիտալի Պողոսյանը և այլք։

Փառատոնին կմասնակցեն նաև «Ակունք» հայկական ժողովրդական գործիքների անսամբլը և «Հայասա» պարային համույթն Արփինե Ամիրյանի ղեկավարությամբ։
Փառատոնում կներկայացվի տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն։ Դուդուկահարները կկատարեն երաժշտական գլուխգործոցներ «Բոյան» ռուսական պետական համերգային նվագախմբի ուղեկցությամբ։

Մոսկվայի դուդուկի փառատոնն ամենամյա է և դարձել է Ռուսաստանի մշակութային կարևոր իրադարձություններից մեկը։ Փառատոնի նպատակն է` հայկական դուդուկի մասսայականացումը, նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև աշխարհի լավագույն դուդուկահարների ելույթները, Ռուսաստանի մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացումը և Հայաստանի ու այլ երկրների հետ նրա հարաբերությունների ամրապնդումը։ -0-