Մերի Քոչարյանը «Մանկական Նոր ալիք 2015»–ի մրցութային երկրորդ օրն առավելագույն միավոր է հավաքել

13.08.2015, 20:36
Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը մրցութային երկրորդ օրը առավելագույն թվով միավորներ է հավաքել։ Հնարավոր 99 միավորից նա ստացել է 98–ը։
Մերի Քոչարյանը «Մանկական Նոր ալիք 2015»–ի մրցութային երկրորդ օրն առավելագույն միավոր է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը մրցութային երկրորդ օրը առավելագույն թվով միավորներ է հավաքել։ Հնարավոր 99 միավորից նա ստացել է 98–ը։

Ժյուրիի ինն անդամներից ութը հայ պատանի երգչուհու ելույթը 11 միավոր են գնահատել։

Մրցույթի առաջին օրը ժյուրիի անդամները պակաս բարեհաճ էին գտնվել Մերիի նկատմամբ և նրան 94 միավոր էին շնորհել։

Մրցույթը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի կենտրոնական մարզադաշտում։

Այս տարի մրցույթն անցկացվում է օգոստոսի 11–ից 13–ը։ Մրցույթին մասնակցում է 15 պատանի երգիչ` 12 երկրից։ «Նոր ալիքի» բեմում մասնակիցների հետ զուգընթաց ելույթ կունենան շոու բիզնեսի աստղերը` Վալերիան, Թիմուր Ռոդրիգեսը, «Դիսկոտեկա Ավարիան», Նիկոլայ Բասկովը, Ժասմինը, Վալերի Լեոնտևը, Սոսո Պավլիաշվիլին, «Պիցցա», 5sta Family, «ԲանդԷրոս» խմբերը և ուրիշներ։

«Մանկական Նոր ալիքի» ժյուրին, ըստ ավանդույթի, կգլխավորի մրցույթի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։ Ժյուրիի կազմում կլինեն նաև Լև Լեշչենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Յուլիա Սավիչևան, Ալեքսանդր Ռիբակը, Ալեքսանդր Իվանովը, Կատյա Իվանչիկովան (IOWA խումբ) և Ռոբերտո Քել Տորեսը։

Առաջին անգամ «Մանկական Նոր ալիքն» անցկացվել է 2008 թվականին Մոսկվայում։ Այն մեծ հաջողություն է ունեցել, և 2009 թվականին միջոցառման կազմկոմիտեն ավելի քան 4 հազար հայտ է ստացել։ 2010 թվականին «Մանկական Նոր ալիքը» տեղափոխվել է «Արտեկ»։

Միջոցառման կազմկոմիտեի կատարած աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը բարեգործական ծրագիր անցկացնելն է, այն է` բացահայտել շնորհալի երեխաներին, օժանդակել նրանց և օգնել զարգացման գործում։ -0-