Աշխարհահռչակ երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Ղարաբաղում է

02.07.2015, 15:03
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է, հաղորդվում է Արցախի Հանրային հեռուստատեսության կայքում։
Աշխարհահռչակ երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Ղարաբաղում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 2. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է, հաղորդվում է Արցախի Հանրային հեռուստատեսության կայքում։

Կազարնովսկայան կանցկացնի վարպետության դասեր Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Իր այցի ընթացքում նա ծրագրում է ունկնդրումներ կազմակերպել երգչախմբերի հետ։

Երգչուհու խոսքով` ղարաբաղցի կատարողները փայլուն ձայներ ունեն, նրանց հետ հետաքրքիր է, կարելի է աշխատել և հասնել լավ արդյունքների` այդ կերպ նրանց համար ճանապարհ հարթելով դեպի մեծ կյանք։

«Սա այն հողն է, որտեղ պետք է ստեղծագործել, սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չէ, սակայն նման միջոցառումներով միայն կարելի է մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ Ղարաբաղ այցելելուց։ Այստեղ կարելի է բացել հոգին և սիրտը և միասին արարել»,– նշել է Կազարնովսկայան։

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել օպերային երգչուհու հետ համագործակցության մասին շուրջ մեկ տարի առաջ` Արցախ կատարած նրա առաջին այցելության ժամանակ։

ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ գաղափար է ծագել Արցախում ներկայացնել Վերդիի «Ռեքվիեմը» և այդ գաղափարի հետ որոշել է զուգահեռ կազմակերպեկ վարպետության դասեր։

«Իմանալով, որ Ղարաբաղում ծրագրվում է «Տնջրե» երիտասարդ կատարողների չորրորդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացումը, Լյուբով Կազարնովսկայան ցանկություն է հայտնել փառատոնի շրջանակում կազմակերպել վարպետության դասեր»,– նշել է Աղաբալյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան կատարողների համար նման վարպետության դասերն աննախադեպ հնարավորություն են նրանց ստեղծագործական կարողությունների դրսևորման և զարգացման համար։